Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է տուգանել վարորդներին՝ առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (катализатор) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա վարելու համար:

Նախարարությունն առաջարկում է՝ քաղաքացիներին տուգանել 300 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձանց՝ 500 հազար դրամով։

Շրջակա միջավայրի նախարարությունը նման նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

«Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանում»,- նշել է նախարարությունը։

Շրջակա միջավայրի նախարարության փոխանցմամբ՝ Հայաստանում կատալիտիկ չեզոքացուցիչներն ավտոմեքենաների սեփականատերերի ու օգտագործողների կողմից ապամոնտաժվում և վաճառվում են։ Իսկ պատճառը դրանց բարձր գինն է, քանի որ կատալիտիկ չեզոքացուցիչի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում:

Նախարարությունը 300 և 500 հազար դրամ տուգանքի չափը սահմանել է՝ հաշվի առնելով ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական գները։ Ըստ նախարարության ուսումնասիրության՝ դրանց միջին գինը հասնում է 300.000 դրամի։

«Հանդիպում են նաև ավելի մեծ արժեք ունեցող չեզոքացուցիչներ, որը պայմանավորված է դրանում պարունակվող թանկարժեք մետաղների մեծ քանակով։ Հետևաբար, նախատեսվող տուգանքի չափը չպետք է փոքր լինի քաղաքացու կամ պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման և իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից»,-հայտնել է նախարարությունը։