ՀՀ-ի պարետի ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում հանձնարարված է մարզպետներին: Ըստ այդմ՝ տասը մարզերում ստեղծվել են մարզային օպերատիվ շտաբեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարի մրջոցառումները մարզերում համակարգելու ու իրականացնելու նպատակով։

Մարզպետների կամ նրանց տեղակալների ղեկավարությամբ գործող շտաբերում ընդգրկված են՝ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մարզային մասնաճյուղերի և մարզերի բուժհաստատությունների տնօրենները, համաճարակաբանները, ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության պետը և այլք։ Որոշ մարզպետարաններ մշակել են Կորոնավիրուսով (COVID19) պայմանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման պլան:

Բոլոր մարզպետարաններն իրենց կայքերում հրապարակել են մարզի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների շուրջօրյա հասանելի հեռախոսահամարները: Տեղեկացրել են, որ շաբաթ-կիրակի օրերին շարունակում են իրականացնել հերթապահություն՝ 10:16-ն ընկած ժամանակահատվածում: Հերթապահությունից հետո ևս, կորոնավիրուսային հիվանդությանը վերաբերող հարցերի դեպքում, քաղաքացիները կարող են զանգահարել շուրջօրյա հեռախոսահամարներով: Պատասխանատուները զեկուցել են, որ հնարավորինս ապահովում են ռիսկային երկրներից մարզ վերադարձած Հայաստանի քաղաքացիների տնային մեկուսացումը, նրանք գտնվում են հատուկ ուշադրության կենտրոնում:

Մեզ հետաքրքրողը մարզային հիվանդանոցների և բուժանձնակազմի պատրաստվածությունն է արտակարգ իրավիճակին, նաև՝ կարանտինային շրջանում բնակչությանը մեկուսացնելու հնարավորությունները: Հանրապետության 10-ը մարզերից 5-ն են այդ մասին տեղեկատվություն ներկայացրել պաշտոնական կայքում:

Արագածոտնի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզի ենթակայության 4 բուժհաստատություններում առանձնացվել են մեկուսացված հատվածներ, որտեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր է կազմակերպել մեկուսացում:

Մարզն ապահովված է շտապօգնության մեքենաների բավարար քանակով: Հանձնարարվել է ձևավորել շտապօգնության երկրորդ խմբեր (բրիգադներ), որոնք կսպասարկեն այլ երկրներից վերադարձած կամ վիրուսի ախտանիշեր ունեցող անձանց: Մարզի բուժհաստատություններն ապահովված են մեկանգամյա օգտագործման արտահագուստով և բժշկի մեկուսացումն ապահովելու համար անհրաժեշտ այլ բժշկական պարագաներով: Դեղատները և խանութները, հիմնականում, ապահովված են ալկոգելով և հակամանրէային ախտահանիչ նյութերով: Դրանց բացակայությունը լինում է ժամանակավոր:

Հանձնարարվել է պարբերաբար բուժզննման ենթարկել ջրամատակարարման ոլորտի՝ խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբարներին առավել մոտ գտնվող աշխատակիցներին: Հիվանդության որեւէ ախտանշան հայտնաբերելուն պես մեկուսացնել և բացառել հիվանդության ախտանիշեր ունեցող անձանց աշխատանքներում ներգրավելը:

Գեղարքունիքի մարզպետարանը տեղեկացնում է, որ մարզում կան արտերկրից ժամանած քաղաքացիներ, որոնք գտնվում են ինքնամեկուսացման մեջ և վերահսկվում են բուժաշխատողների կողմից: Մարզում առանձնացվել են 4 չորս հյուրանոցային համալիրներ, որտեղ, անհրաժեշտության դեպքում, կմեկուսացվեն և բուժում կստանան հայտնաբերված հիվանդները:

Մարտի 16-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպել է մարզի հիվանդանոցային ծառայություններ իրականացնող բուժհաստատությունների տնօրենների հետ: Վերջիններս ներկայացրել են, որ այդ պահի դրությամբ անբավարար են բուժանձնակազմին և դիմող քաղաքացիներին հատկացվելիք դիմակները, արտահագուստները, ջերմաչափերը և ախտահանիչ այլ միջոցները: Գեղարքունիքի մարզպետն առաջարկել է ներկայացնել պահանջվող նյութերի ցանկը, որոնք պետք է պետգնման կարգով ձեռք բերել եւ հատկացնել բուժհաստատություններին:

Կոտայքի մարզպետարանը տեղեկացնում է, որ կատարվել է ինֆեկցիոն բաժանմունքի պայմանների, մահճակալային ֆոնդի գույքագրում՝ անհրաժեշտության դեպքում պատրաստվածության բարձր մակարդակ ապահովելու համար: Հանձնարարվել է բոլոր բուժկենտրոնների ղեկավարներին համապատասխան աշխատանքներ իրականացնել՝ կահավորել մեկուսարաններ, պատրաստի վիճակի բերել ինֆեկցիոն բաժանմունքները, ապահովել համապատասխան միջոցների առկայությունը, ինչպես նաեւ մշակել այլ բաժանմունքները ինֆեկցիոնի վերափոխելու պլան՝ հարկ եղած դեպքում առաջացած խնդիրներին արագ արձագանքելու նպատակով:

Կապ հաստատել մարզի տարածքում գործող հյուրանոցային տնտեսությունների հետ եւ պայմանավորվածություններ ձեռքբերել՝ հնարավոր կարանտինի նախապատրաստման նպատակով:

Շիրակի մարզպետարանը հայտնում է, որ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի» նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքն ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի, որտեղ իրականացվում են նմուշառման եւ մեկուսացման գործընթացներ։ «Հայկական Կարիտաս»-ը մարզի մի շարք բուժհաստատությունների տրամադրել է պաշտպանիչ բժշկական արտահագուստ։ Շիրակի մարզպետարանի առաջարկով «Հայկական Կարիտաս»-ը ձեռք է բերել եւ մարզպետարանին տրամադրել 200 պաշտպանիչ ակնոց եւ նույնքան բժշկական արտահագուստ: Դրանք տրամադրվել են «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին», «Գյումրու շտապ բուժօգնության կայանին» և այլ բժշկական հաստատությունների:

Վայոց ձորի մարզպետարանը բնակիչներին տեղեկացրել է, որ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։ «Ընդառաջ գնալով քաղաքացիներից եւ կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով առողջապահական կարիքները»,- հայտնում է մարզպետարանը: Առաջարկվել է գումար տրամադրել

  • բժշկական անձնակազմին խրախուսելու,
  • բժշկական պարագաներ և սարքավորումներ ձեռք բերելու,
  • բժշկական կենտրոնների շենքային պայմանները բարելավելու համար:

Բնակիչներին առաջարկել են հաշվեհամարին փոխանցում կատարելիս, ցանկության դեպքում, նաև նշել, թե ինչ նպատակով են տրամադրում:

Մյուս 5 մարզպետարանները, որոնց չհիշեցինք հրապարակման մեջ, տեղեկություններ չեն հայտնում իրենց մարզերի բուժհաստատությունների պատրաստվածության, անհրաժեշտ հագեցվածության, մեկուսարանների առկայության կամ այդ ուղղություններով կատարվող աշխատանքների մասին: Գրեթե բոլոր մարզպետարաններում ձևավորված շտաբերի առաջին ցուցումները եղել են հանրային վայրերը, տրանսպորտը, կանգառները, բազմահարկ շենքերի վերելակները, բակերը, ախտահանելը: Որոշ համայնքներում քլորաջրով մաքրվում են փողոցները, նաեւ քաղաքում տեղադրված աղբարկղերն ու դրանց հարակից տարածքները:

Բնակչությանը սանիտարահիգիենիկ պայմանների մասին իրազեկելուց բացի, բնակչությունն զգուշացվել է արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելուց առնվազն 12 ժամ առաջ համապատասխան համայնքի ղեկավարին և Ոստիկանության տարածքային բաժին տեղեկացնելու մասին: Վերջիններս պարտավոր են կազմակերպել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումեր եւ դրանց պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնել։