Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Յուրաքանչյուր տարի այս ժամանակահատվածում 60-ից մինչև 100 հազար ՀՀ քաղաքացի մեկնում է արտագնա աշխատանքի աշխարհի տարբեր երկրներ:

Նրանցից յուրաքանչյուրը ընթացիկ տարվա կտրվածքով Հայաստան է ուղարկում շուրջ 5000 ԱՄՆ դոլլար:

Այսօր կորոնավիրուսի պատճառով փակ են ոչ միայն Հայաստանի, այլև այն երկրների սահմանները, որտեղ մեկնում էին մեր հայրենակիցները:

Եթե համաճարակի տարածման տեմպերը շարունակվեն, և սահմանները մնան փակ, ապա այս տարի շուրջ 100 հազար մարդ կմնա Հայաստանում և կփնտրի գործ:

Ոմանց կհաջողվի գտնել, իսկ ոմանք կդառնան գործազուրկ…

Միաժամանակ, սա նշանակում է, որ տրանսֆերտները կնվազեն շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարով՝ դրա բոլոր տնտեսական հետևանքներով հանդերձ:

Գեղարքունիքի մարզում բնակվող իմ հարազատներն արդեն ահազանգում են, որ այս խնդիրը չլուծվելու դեպքում կանգնելու են տնտեսական լուրջ խնդրի առաջ: Միայն գյուղատնտեսությամբ զբաղվելով հնարավոր չի լինելու լուծել ծառացած խնդիրները, ուստի անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ:

Այս համաճարակը ցույց տվեց, որ ճգնաժամային իրավիճակներում վերպետական միավորումները կորցնում են իրենց նշանակությունը:

Կես լուրջ, կես կատակ՝ ոչ՛ հարևանություն անել է լինում, ո՛չ էլ բարեկամություն: Ինչպես ասում են, եղունգ ունես, գլուխդ քորի:

Այդուհանդերձ, հայտնի տեսակետ է, որ լրջագույն փոփոխությունները ստեղծվում են ճգնաժամերից:

Հայաստանի կառավարությունը պարտավոր է լրջորեն գնահատել ստեղծված իրավիճակը և ձեռնարկել իրավիճակից թելադրվող միջոցառումներ՝ բառիս բուն իմաստով տնտեսական նոր ռազմավարություն մշակելու և կյանքի կոչելու համար:

Մեզ իրական ԲԵԿՈՒՄ է պետք՝ հետկորոնավիրուսային Հայաստանը ոտքի պահելու և առաջ տանելու համար:

Մենք այլևս նույն տեմպերով ու նույն պատկերացումներով առաջ գնալու շանս չունենք այն պարզ պատճառով, որ գործ ունենք գլոբալ առումով նոր աշխարհի հետ, որն առաջացրել է որակապես նոր խնդիրներ:

Պատկերավոր ասված՝ լեզվի հեղափոխությունից պետք է անցնել ուղեղի հեղափոխության:

Սա նշանակում է, որ անհրաժեշտ է համախմբել երկրի տնտեսագիտական, ֆինանսական, բանկային համակարգերի և փորձագիտական շրջանակների ներուժը և ստեղծել հետկորոնավիրուսային Հայաստանի զարգացման պլանը:

Մենք հապաղելու իրավունք չունենք, քանի որ պարտավոր ենք հաղթահարել այս ճգնաժամը՝ ավելի ուժեղ դառնալու համար…»։