«Ականատես» դիտորդական առաքելությունը Հայաստանից դիտորդներ չի ուղարկի Արցախ՝ մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին հետևելու։

Առաքելությունը որոշել է վերանայել ընտրությունները դիտարկելու իր պլանները՝ հաշվի առնելով COVID-19 նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը։

«Վարակի քողարկված ու անկանխատեսելի դրսևորումները, այդ թվում՝ նաև նախնական ախտորոշումը մի խումբ դիտորդների շրջանում, որոշների մեկուսացումը և այլոց հրաժարումը՝ ստիպում են «Ականատես» առաքելությանը վերակազմակերպել իր աշխատանքները և Հայաստանից դիտորդներ չուղարկել Արցախ՝ հնարավորինս նվազեցնելու ընտրական գործընթացներում մարդկային խոշոր խմբերի շփումներով ու ինտենսիվ հոսքերով պայմանավորված ռիսկերը և կանխելու դրանց հնարավոր հետևանքները Արցախի, հետևաբար՝ նաև Հայաստանի անվտանգային իրավիճակի համար»,- ասվում է հայտարարության մեջ։

«Ականատեսը» մարտի 31-ի Արցախի համապետական ընտրությունների դիտարկումը կիրականացնի հիմնականում իր արցախյան գործընկերների միջոցով։ Դիտորդները հրահանգավորված են իրենց աշխատանքներում խստորեն պահպանել ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացվող անվտանգության պահանջները։ Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ ներկայիս պայմաններում ընտրությունների իրականացումը ողջամիտ չէ։

«Նախընտրական քարոզարշավը ժամկետից շուտ ընդհատվել է, մինչդեռ այն կարող էր փաստացի ազդել ընտրությունների արդյունքների վրա, չնայած այն հանգամանքին, որ առաքելության կողմից նախընտրական քարոզչության դիտարկումն արդեն իսկ բացահայտել էր քաղաքական ուժերի կողմից տնօրինվող ռեսուրսներով պայմանավորված անհավասար ու անարդար մեկնարկային պայմանները»,- ասվում է հայտարարության մեջ։