Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ԲՏԱ Նախարարությունը թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարներ և առաջարկներ է հավաքագրում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարար Հակոբ Արշակյանը։

«Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև ապրիլի 5-ը»,- ասվում է գրառման մեջ:

Նախարարը խնդրել է նաև ներառել հայտում կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները։