Նախապես մեկուսացված զինծառայողներից ևս 1-ի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ կորոնավիրուսով վարակվել է 5 զինծառայող:

Նա նշել է, որ հաստատված ընդհանուր 6 դեպքը փոխկապակցված է մարտական խնդիրներում չներգրավված զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ:

Զինծառայողը հոսպիտալացված է, նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Նոր մեկուսացումներ չեն եղել։

«Միաժամանակ, ինչպես կառավարության արտահերթ նիստում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտասահմանյան գործուղումներից հայրենիք վերադարձած տասնյակ ինքնամեկուսացված, ինչպես նաև առաջնակի դեպքի պատճառով մեկուսացված զինծառայողներ համաճարակաբանական համապատասխան թեստավորում անցնելուց հետո վերադարձել են ծառայության և շարունակում են կատարել իրենց պարտականությունները։ՀՀ զինված ուժերում ծառայությունը շարունակվում է բնականոն հունով, մտահոգվելու որևէ խնդիր չկա»,- ասվում է գրառման մեջ։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից ապաքինվել է 30 հոգի: