Կառավարության մարտի 30-ի արտահերթ նիստի օրակարգի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառման հարցը վերաբերում էր կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին միանվագ օգնության տրամադրմանը։ Մասնավորապես՝ նախագիծը վերաբերում էր հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ, մանրածախ առևտրի ծառայություններ իրականացնողներին, բացառությամբ՝ դեղորայքի, սննդի, ալկոհոլի և ծխախոտի։

Ընդհանուր շահառուների թիվը գերազանցում է 100,000-ը, իսկ ծրագրի բյուջեն՝ 10 մլրդ դրամը։

Աջակցությունը տրամադրվելու է ոչ թե գործատուներին, այլ՝ աշխատողներին։ Այն տրամադրվելու է միանվագ՝

  • վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 68,000 դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136,000 դրամը, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը,
  • վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից,
  • անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 68,000 դրամը և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը՝ 136,000 դրամը, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը գերազանցում է նվազագույնա շխատավարձի չափը,
  • անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից:

www.online.ssa.am կայքէջի միջոցով քաղաքացիները դիմելու են օգնությունը ստանալու նպատակով։ Կայքը անմիջապես կպատասխանի քաղաքացիններին՝ արդյոք իրենք հանդիսանում են շահառու, թե՞ ոչ։ Եթե հանդիսանում են, ապա քաղաքացիները նշելու են բանկը, որտեղ հաշվեհամար ունեն, և իրենց հաշվեհամարի վրա 1-2 օրվա ընթացքում գումարը փոխանցվելու է։

Դիմող քաղաքացին համաձայնություն է տալու, որպեսզի իր անձնական տվյալները հրապարակվեն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։