Իսրայելի կառավարությունը դադարեցնում է Երուսաղեմի եկեղեցիներից հարկերի գանձման գործընթացը:

Կիրակի օրը ի նշան բողոքի Երուսաղեմի Հռոմի Կաթոլիկ, Հույն Ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների ներկայացուցիչները փակել էին Սուրբ Հարության տաճարը: Քրիստոնեական եկեղեցիները հարկային նորամուծությունները համարում են «Սուրբ Հողում քրիստոնյաների դեմ ուղղված աննախադեպ ճնշում»:

Վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակից այսօր հայտնել են, որ հարկերի գանձման և ստեղծված իրավիճակի կարգավորման հարցերով կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը բանակցություններ կվարի եկեղեցիների ներկայացուցիչների հետ, իսկ մինչ այդ «Երուսաղեմի քաղաքապետարանը կդադարեցնի հարկերի գանձման գործընթացը», որը մեկնարկել է մի քանի շաբաթ առաջ: