Այսօր առավոտյան 81 տարեկանում մահացել է կինոռեժիսոր, բեմադրիչ Ալբերտ Մկրտչյանը:

Ալբերտ Մուշեղի Մկրտչյանը ծնվել է 1937թ․-ի փետրվարի 27-ին Գյումրիում (Լենինականում): Նա հայտնի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Մհեր Մկրտչյանի փոքր եղբայրն էր։

1960թ․-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինը, իսկ 1971թ․-ին՝ Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի ինստիտուտիռեժիսուրայի ֆակուլտետը՝ Եֆիմ Ձիգանի արվեստանոցը (ՎԳԻԿ)։ Եղել է հայկական հեռուստաստուդիայի, Հայֆիլմ ստուդիայի ռեժիսոր, Գյումրիի դրամատիկական, Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների տնօրեն և գեղարվեստական ղեկավար։ Դասավանդել է Երևանի Հայկական պետական մանկավարժական համալսարանում (պրոֆեսոր՝ 1995 թ․-ից), 2001 թ․-ից՝ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» (2000), ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալների (2007), ՀՀ ժողովրդական արտիստի կոչման (2003), «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի (2012)։