Երևանի Մնջախաղի պետական թատրոնը նոր շենք կունենա, հասցեն՝ Գևորգ Քոչար 21: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը փետրվարի 27-ին լրագրողներին ներկայացրեցին Մնջախաղի թատրոնի նոր տարածքի ճարտարապետական նախագիծը։

«Ամենաբարի լուրը, որ ուզում ենք ավետել, այն է՝ այս տարվա մայիս ամսից սկսվում են շինարարական աշխատանքները, դրանք կավարտվեն եկող տարվա մայիսին: 2019թ․-ի մայիսին կազդարարենք թատրոնի բացումը՝ նոր շենքով, նոր տարածքով, նոր դահլիճով, և բոլորիդ կհրավիրենք միանգամից որպես հանդիսատես»,- նշեց նախարարը:

Արմեն Ամիրյանը հայտնեց, որ թատրոնի դահլիճը լինելու է մոտ 120-130 տեղանոց է լինելու։ Նոր տարածքի նախագծային արժեքը մոտ 260 մլն դրամ է, պետք է մրցույթ հայտարարվի, ծավալները շտկվեն: Այս տարի 60 միլիոն կվճարեն հաղթած շինարարական կազմակերպությանը, իսկ հիմնական գումարային վճարումը կլինի եկող տարվա սկզբում՝ պայմանով, որ մինչև մայիս պիտի ավարտեն շինարարական բոլոր աշխատանքները: Նախարարը նաև տեղեկացրեց՝ հաջորդ տարվա բյուջեով նաև լուծելու են թատրոնի գույքի և լուսային տեխնիկայի խնդիրները: Նախագիծն արդեն պատրաստ է, առաջիկայում շինարարական կազմակերպությունների համար մրցույթ կհայտարարվի:

Ժիրայր Դադասյանը նշեց, որ 2019թ․-ի մայիսի 18-ին լրանում է թատրոնի 45-ամյակը, ու պետք է հասցնեն այդ օրը բացումն անել, այն էլ՝ հանդիսավոր: «Իսկապես, ամեն առիթ, որը վերաբերում է մեր տարածքին, մեծ բավականություն է ինձ պատճառում, այսօր նախագիծն ենք ներկայացնում, մի քանի օրից լրանում է իմ պաշտոնավարման 20 տարին թատրոնում, հաշվետվության նման մի բան է, որ 20 տարվա ընթացքում եկանք, հասանք այս կետին»,- ասաց Դադասյանը:

Մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ մնջախաղի թատրոնից բացի, շուտով պատրաստ կլինի նաև կամերային թատրոնի շենքը և ազդարարվելու է նաև Համազգային թատրոնի շենքի մասին: