«Ալավերդի բժշկական կենտրոնից» հայտնել են, որ Ալավերդիում կորոնավիրուսով վարակված անձ դեռևս չի գրանցվել, գրում է «Հետք»-ը։

Ու մինչ բժշկական կենտրոնում վստահեցնում են, որ կորոնավիրուսի դեպք Ալավերդիում չի արձանագրվել, համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում այսօր այսպիսի հայտարարություն է տեղադրվել․

«Ելնելով արտակարգ իրավիճակի պահպանման անհրաժեշտությունից, ինչպես նաև համայնքում գործող բուժամբուլատորիայի աշխատակցուհու մոտ հաստատված կորոնավիրուսի դեպքով պայմանավորված՝ խնդրում, պահանջում և կոչ ենք անում դուրս գալ տնից միայն խիստ անհրաժեշտության դեպքում, սահմանափակել շփման շրջանակները՝ նվազեցնելով վարակի տարածման ռիսկը: Դուրս գալու դեպքում պահպանել արտակարգ դրության բոլոր կանոնները»:

Լուրն այսօր Ալավերդիում խուճապ է առաջացրել, սակայն մեկ ժամ հետո ֆեյսբուքյան էջում համայնքաապետի քարտուղարուհի Սուսա Լալայանը ներողություն է խնդրել բնակչությունից և համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում մեկ այլ հայտարարությամբ հայտնել է, որ համայնքի ամբուլատորիայի աշխատակցուհու կորոնավիրուսով վարակված լինելու տեղեկությունը ճիշտ չէ:

Ինչպես գրում է «Հետք»-ը՝ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասում է, որ եթե գանգատներ ունեցող քաղաքացիները կորոնավիրուսով վարակված որևէ անձի հետ չեն շփվել, այդ դեպքում թեստավորում չի արվում։ Մարզպետի խոսքով՝ թեստի համար պետք է ցուցում լինի: Ալավերդիում կորոնավիրուսի դեմ ձեռնարկվող միջոցառումների մասին մարզպետը նաև հայտնել է.

«Մենք կորոնավիրուսով հիվանդների մեկուսացման և բուժման համար նախապատրաստում ենք ոչ միայն Ալավերու բժշկական կենտրոնը, այլ նաև հյուրանոցներ»:

Բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արփինե Ալավերդյանը, պատասխանելով բժշկական կենտրոնի տնօրինությանն ուղղված «Հետք»-ի հարցերին, հայտնել է, որ կենտրոնի բժիշկները մեթոդական չափորոշիչներով թեստավորման ցուցում չեն ունեցել:

Բժշկական կենտրոնում օրական առնվազն 2 անգամ իրականացվում է ջերմաչափում՝ աշխատանքի ներկայանալիս և աշխատանքից գնալիս: Ալավերդու բժշկական կենտրոնը չունի ինֆեկցիոն բաժանմունք: Թերապևտիկ բաժանմունքի կազմում կա 5 մահճակալ՝ ինֆեկցիոն հիվանդների բուժման համար:

Արփինե Ալավերդյանի խոսքով՝ բժշկական կենտրոնի շտապօգնության ծառայության աշխատակազմը և թիրախային խմբում աշխատող բոլոր բուժաշխատողները ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով: Կենտրոնի բժիշկները նույնպես ապահովված են պահանջվող հանդերձանքով՝ դիմակով, ռետինե ձեռնոցներով, արտահագուստներով, քլորային և սպիրտային ախտահանիչ միջոցներով: Արփինե Ալավերդյանն ասում է, որ կասկածելի դեպքերի համար կենտրոնում ստեղծվել է ժամանակավոր մեկուսարան՝ անհրաժեշտ պարագաներով և թթվածնի կենտրոնացված մատակարարումով:

«COVID-19-ով վարակված անձանց բուժումը իրականացվում է նեղ մասնագիտական կլինիկաներում»,- հայտնել է Ա. Ալավերդյանը: Այսուհանդերձ, ըստ վերջինիս, բժշկական կենտրոնը պատասխանատվություն է կրում կենտրոնի առաջնային օղակում գրանցված ազգաբնակչության համար: