26,500 դրամի միանվագ աջակցություն կտրամադրվի գործազուրկ դարձած, մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջ կանգնած գործազուրկ ընտանիքներին, որոնք մինչև 18 տարեկան երեխաներ ունեն, միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի՝ յուրաքանչյուր երեխայի համար 26,500 դրամի չափով։
Աջակցությունը կտրամադրվի երեխաներին, որոնց ծնողները մարտի 12-ի դրությամբ չեն ունեցել աշխատանք կամ կորցրել են աշխատանքը. շահառուների խմբից հանվում են այն մարդիկ, որոնք հունվար-փետրվար ամիսներին ունեցել են համախառն եկամուտ՝ ավելի քան 500,000 դրամի չափով։ Ծրագիրը վերաբերում է նաև չաշխատող միայնակ ծնողներին։
Աջակցության ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ երեխաները, որոնց ընտանիքը մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը 28․01-ից ցածր է։
Եթե ընտանիքը համապատասխանում է Կառավարության կողմից առաջարկվող սոցաջակցության մյուս ծրագրերի պահանջներին, ապա կարող է ընտրել՝ որին դիմել։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է դիմել միայն մեկ ծրագրի։
Նախարարը հայտնել է, որ մինչև ապրիլի 9-ը դիմումներ գրելու տեխնիկական հնարավորություն չի լինի։ Այն կտրամադրվի ամսի 10-ից, ծնողներից մեկի կողմից սահմանված կարգով առցանց ներկայացված դիմումի հիման վրա։