«Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի»․ Անդրեյ Ղուկասյան
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է մարզում կորոնավիրուսային հիվանդացությամբ պայմանավորված իրավիճակը:
«Հարգելի՛ լոռեցիներ,
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք:
Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:
Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս:
Չնայած Պարետի ցուցումով սահմանված ավելի խիստ սահմանափակումներին և մեր ամենօրյա վերահսկողությանը, շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը և յուրաքանչյուրն իր հերթին վստահ է, որ վարակը իրեն կամ իր ընտանիքի որևէ անդամի երբևէ չի հասնի: Մինչդեռ վարակից կարող ենք խուսափել միայն այն դեպքում, երբ, որպես օրինապահ քաղաքացիներ, ամենայն ճշգրտությամբ կատարենք բոլոր ցուցումները: Ցավոք, այդպես չէ:
Հատկապես այսօր, մարզկենտրոն Վանաձորում ականատես եղա մարդկանց բազմաթիվ կուտակումների, ինչը բացարձակապես անընդունելի եմ համարում:
Եվս մեկ անգամ կրկնում եմ, ամեն ինչ արվում է միմիայն բոլորիս անվտանգության ապահովման համար:
Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է տարբեր կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ:
Կրկին անգամ խնդրում և հորդորում եմ՝ հետևել պարետի ցուցումներին տնից դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Մի´ վտանգեք Ձեր ու Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»,- գրել է Անդրեյ Ղուկասյանը: