«Այս փուլում Արցախում ընտրությունների կազմակերպումը հանցագործություն էր հայ ժողովրդի հանդեպ, և այնտեղ բաժանված թղթե դիմակներով հնարավոր չէ պաշտպանվել վարակի տարածումից»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ հավելելով.

«Կատարվել է ժողովրդի զանգվածային հիմարացում, և մեր հանրության մի զգալի զանգված վիրուսի դեմ բացարձակ անզեն դուրս է գալիս՝ ինքնասպանվելու»:

Քաղաքագետը նշել է, որ ՀՀ իշխանություններին ձեռնտու է հենց այս փուլում Արցախում ընտրությունների անցկացումը:

Քաղաքագետի խոսքով՝ վարչապետը հասկանում է, որ իր բացթողումների արդյունքում Հայաստանում լինելու է վարակվածության ահռելի մեծ տոկոս, և փորձում է դրա բեռը դնել վիրուսի բնույթի վրա՝ պնդելով, թե որոշ տեսությունների համաձայն՝ բոլորը վարակվելու են այս վիրուսով.

«Հայաստանում առկա մահերի թիվն արդեն շատ բարձր է այս համաճարակային իրավիճակում: Եթե մարդկանց չեն կարողանում փողոցներից տուն ուղարկել, Արցախում ընտրություններ են անում, ապա ԱԺ-ի ընդունած օրենքը հեռախոսային խոսակցություններով կոնտակտավորներին տեղորոշելու մասին կեղծավորություն է և ցինիզմ»,- ասել է քաղաքագետը: