Երևան-Զովունի ճանապարհին, ինչպես Երևանի մյուս մուտք ու ելքերում, ապրիլի 1-ին անցակետեր են տեղադրվել, և իրականացվում է ոստիկանական հսկողություն:

Անցակետերը տեղադրված են Զովունու նախկին խաղատների հարևանությամբ: Երբեմնի խաղատները հիմա վերածվել են կա՛մ սգո սրահների, կա՛մ գիշերային ակումբների և մոթելների: Լուսանկարում պատկերված տեսարանը ճանապարհի այս հատվածի համար նորություն չէ, քանի որ այստեղ հաճախակի են մեքենաների կուտակումներ լինում: Հոգեհանգստի արարողությունների ժամանակ, իսկ դրանք գրեթե ամեն օր լինում էին, ճանապարհը մի քանի րոպե շարունակ խցանվում էր: Դրան նպաստում է նաև ասֆալտի ոչ բարվոք վիճակը. այստեղ մինչև կես մետր լայնությամբ և մեծ խորությամբ փոսեր կան: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Զովունիում տեղադրված անցակետում Երևան մեկնող ավտոմեքենաները քիչ էին, կուտակումներ չէր լինում, ինչը չի կարելի ասել Երևանից եկող մեքենաների դեպքում, որոնց շարքը հասնում էր մինչև Արտակարգ իրավիճակների նախարարություն տանող ճանապարհի խաչմերուկ:

Երևանից եկող քաղաքացիների մեջ շատերը գնում էին իրենց ամառանոցներ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու, սակայն եթե նրանք չէին ունենում այդ ամառանոցի սեփականության վկայականը, ապա ոստիկանները չէին թույլատրում մուտքը: Անցակետում հսկողություն իրականացնող ոստիկանության մայորը ասել է, որ իրենք չեն կարող համոզված լինել, թե քաղաքացին իսկապես ամառանոց ունի՞ և գնու՞մ է այնտեղ, թե՝ ոչ, և հենց այդ պատճառով են պահանջում գույքի սեփականության վկայականը, գրում է «Հետք»-ը։

Նրա խոսքով՝ այս երեք օրվա ընթացքում անցակետում միջադեպեր չեն գրանցվել: Այն քաղաքացիները, որոնց մուտքը կամ ելքը չի թույլատրվել, հոժարակամ ենթարկվել են ոստիկանության պահանջներին:

Զովունուց Երևան մուտքի անցակետում հսկողություն իրականացնող ոստիկանն էլ ասել է, որ մեքենաների մեջ շատ են տաքսի ծառայության ավտոմեքենաները, որոնց հոսքը ակտիվացել է՝ միջմարզային տրանսպորտի բացակայության արդյունքում: Երևան մտնել թույլ են տալիս նաև աշխատանքի գնացողներին և դեղատներից գնումներ կատարողներին, եթե քաղաքացիները ցույց են տալիս իրենց հիվանդության պատմության փաստաթուղթը: