Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել է, որ կառավարության կողմից փոքր ու միջին ընկերություններին աջակցող ծրագրի շրջանակում արդեն ստացվել է 120-ից ավելի դիմում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1․4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ։

Նա հայտնել է, որ էկոնոմիկայի նախարարությունը հարցում է արել 2020թ-ի մարտին գործունեությունը կրճատած կազմակերպություններին ու պարզել, որ կրճատման ծավալները զգալի են։

Նախարարի խոսքով՝ տարվա արդյունքներով կորուստներն էական են լինելու, սակայն դեռ վաղ է կանխատեսումներ անել՝ թվերի տեսքով։

Նա նշել է, որ Կենտրոնական բանկի կողմի կանխատեսումները, թե համաճարակը բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի վրա, ճիշտ են։

Խաչատրյանը համաձայնել է, որ կնվազեն ՌԴ-ից եկող տրանսֆերները՝ նշելով, որ նաև արտահանողներն են կորուստներ կրում։ Չնայած 2020թ-ի դժվարություններին՝ նախարարն ասում է՝ ՀՀ-ն կարող է վերականգնել իր պոտենցիալն ու տնտեսական ակտիվությունը։

Նա չի բացառել, որ Կառավարության մշակած ծրագրերը փոփոխություններ կրեն և ժամկետները վերանայվեն։

Խաչատրյանն անդրադարձել է նաև պարենային ապրանքների թանկացման մասին հարցին՝ նշելով, որ դրա արժեքը բարձրացել է նաև լոգիստիկ որոշ դժվարությունների և արտաքին շուկայի գների բարձրացման հետևանքով։

Նախարարը հերքել է վարկածը, թե առաջացած տնտեսական դժվարությունների պատճառով հնարավոր է՝ չվերադարձվեն ավանդները։

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու համար մշակել է 5 սոցիալական և 4 տնտեսական ծրագիր։