Չարենցավանում կա կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված 81 դեպք, հայտնել են Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մարզպետարանում հույս են հայտնել, որ հաջողվել է մեկուսացնել բոլոր հնարավոր կոնտակտավորներին և բացի նշված թվով քաղաքացիներից, ովքեր բուժում են ստանում հիմնականում Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց բազմաթիվ կոնտակտավոր ընտանիքներ և քաղաքացիներ պետության կողմից մեկուսացվել են Ծաղկաձորի հանգստյան տներում։

Նրանք պարբերաբար թեստավորվում են և գտնվում բժիշկների ամենօրյա հսկողության ներքո։

Չարենցավանում վարակի տարածումը կանխարգելելու նպատակով համայնքի և մի շարք տնտեսվարողների գործակցության արդյունքում սոցիալական տարբեր նախաձեռնություններ և ծրագրեր են իրականացվում։

Տարբեր տնտեսվարողներ համայնքի մոտ 450 ընտանիքի ապահովում են ամենօրյա սննդով, իսկ Կոտայքի նախկին մարզպետ, գործարար Կարապետ Գուլոյանի կողմից վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում Չարենցավանի բժշկական կենտրոնին է նվիրաբերվել 5 մլն դրամ:

Առողջապահության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ հիվանդության վարակակիրների թվով առաջատար են Երևանը, Արարատը, Կոտայքն ու Արմավիրը։