Պարետի N 34 որոշմամբ ՀՀ-ում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակման պայմաններում սպորտով զբաղվելու կամ հեծանիվ քշելու կարգը փոփոխվել է:

Այսպիսով, եթե առաջ կարելի էր օրվա ընթացքում մեկ անգամ դուրս գալ սպորտով զբաղվելու՝ առանց ժամային սահմանափակման, ապա որոշման մեջ կատարված փոփոխությամբ դա կարելի է անել առանց սահմանափակման, բայց բացառապես առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ն:

Այդ մասին ասվում է Պարետի համապատասխան որոշման 2-րդ կետում, այն է՝

«Հավելված N 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինել «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով»:

Այսպիսով, խմբագրմամբ ստացվում է հետևյալ պատկերը.

«Բնակության վայրից ոչ ավել, քանի 500 մետր հեռավորության վրա առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով՝ սույն հավելվածի Ձև 2-ով սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում»: