Կորոնավիրուսի տարածման պատճառով Ճապոնիան որոշել է երկրում հայտարարել արտակարգ դրություն։ Վարչապետ Շինզո Աբեն հայտարարել է, որ արտակարգ դրության ռեժիմ կհայտարարվի ապրիլի 7-ից։

Ինչպես փոխանցում է «Reuters» գործակալությունը, հղում կատարելով ճապոնական «TBS» հեռուստաընկերությանը, արտակարգ դրության ռեժիմը կտարածվի Տոկիոյում, հարակից երեք պրեֆեկտուրաներում, ինչպես նաև Օսակայում։ Նախնական արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ ամիս, սակայն ենթադրվում է, որ այն կարող է ձգվել մինչև 6 ամիս։ Եթե արտակարգ դրության ժամկետը երկարաձգվի, ապա այդ դեպքում պրեֆեկտուրաների ղեկավարներն իրենք կորոշեն, թե ինչ ժամանակով իրենց վարչատարածքային միավորում կհայտարարվի արտակարգ դրության ռեժիմ՝ կախված համաճարակաբանական իրավիճակից։

Ճապոնական կառավարությունը նախապատրաստում է տնտեսության խթանման փաթեթ, որով նախատեսվում է մի քանի միլիարդ դոլար ներդնել ճապոնական տնտեսության զարգացման մեջ։ Կորոնավիրուսն արդեն բարձրացրել է երկրում ռեցեսիայի ռիսկը։ Սպասվում է, որ վարչապետ Շինզո Աբեն նախագծերի մասին կհայտարարի երկուշաբթի երեկոյան։

Վերջին տվյալներով Ճապոնիայում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի 3654 դեպք, 85 մարդ մահացել է, ևս 575-ը՝ ապաքինվել։ Այս թվերն այդքան էլ մեծ չեն, ի տարբերություն այն երկրների, որոնք գտնվում են պանդեմիայի էպիկենտրոնում (ԱՄՆ-ում արդեն գրանցվել է ավելի քան 350 000 դեպք), սակայն վարակման նոր դեպքերը շարունակում են աճել, հատկապես Տոկիոյում։ Կիրակի օրը Ճապոնիայի մայրաքաղաքում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 148 նոր դեպք, այդպիսով Տոկիոյում դեպքերի թիվն անցել է 1000-ը։

Չնայած Տոկիոյի իշխանությունները կենսակերպի տեմպի կրճատման և տանը մնալու կոչերով արդեն իսկ դիմել են քաղաքացիներին, կա կարծիք, որ մայրքաղաքում, համաճարակի բռնկման պատճառով, արտակարգ դրության հայտարարման անհրաժեշտությունը ծագել էր ավելի վաղ։

«Արտակարգ դրություն պետք է հայտարարվեր ամենաուշն ապրիլի 1-ին»,- Լոնդոնի Թագավորական քոլեջի առողջապահության ինստիտուտի տնօրեն Քենջի Սիբիյուին մեջբերում է «Reuters» գործակալությունը։

Նախատեսվում է, որ արտակարգ դրության ռեժիմը չի տարածվի ամբողջ երկրի վրա, այլ միայն այն շրջանների, որտեղ առկա է վարակակիրների բարձր կենտրոնացում։ Ճապոնական օրենսդրության համաձայն, որը կորոնավիրուսի վտանգի պատճառով փոփոխությունների է ենթարկվել մարտ ամսին, կառավարությունը երկրում կարող է հայտարարել արտակարգ դրության ռեժիմ՝ քաղաքացիների համար առկա վտանգավոր իրավիճակի պարագայում։

Ռեժիմը կլինի պակաս խիստ, քան մյուս երկրներում։ Տանը մնալու կոչերով քաղաքացիներին կդիմեն երկրի վարչատարածքային միավորների ղեկավարները։

Նրանք նաև կխնդրեն դադարեցնել կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատանքը, որտեղ հավաքվում են բազմաթիվ մարդիկ։ Հանրային տրանսպորտը կշարունակի իր բնականոն գործունեությունը։ Արտակարգ դրության պայմաններում, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, իշխանությունները կկարողանան օգտագործել հանրային նշանակության կառույցները և հողերը։

Ճապոնական օրենսդրության համաձայն՝ իշխանությունները կարող են միայն կոչ անել, այլ ոչ պարտադրել քաղաքացիներին մնալ տանը։ Խախտման պարագայում պատիժ սահմանված չէ, սակայն մասնագետները կարծում են, որ քաղաքացիները կպահպանեն մեկուսացման պայմանները՝ երկրի իշխանությունների նկատմամբ ունեցած հարգանքի պատճառով։

Ճապոնիայում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքերի մասին պարզ էր դարձել հունվար ամսին։ Ի զարմանս կրթության նախարարության աշխատակիցների, դեռ փետրվար ամսին վարչապետ Շինզո Աբեն հայտարարել էր, մինչև ապրիլ ամիս, դպրոցների փակման մասին, երբ երկրում սկսվում է նոր ուսումնական տարին։ Ներկա դրությամբ բացվել են միայն այն շրջանների դպրոցների մի մասը, որտեղ կորոնավիրուսի համաճարակ չկա։