Արցախի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը հայտնել է․

«Արցախի հիվանդանոցներում կորոնավիրուսի թեստավորում չեն իրականացնում, քանի որ չունեն համապատասխան լաբորատորիա, այդ պատճառով փորձանմուշն ուղարկում ենք Երևան՝ «Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»»,- գրում է «Հետք»-ը։

Տեղեկատվական շտաբից տեղեկացրել են, որ հիվանդանոցների լաբորատորիաներում բարեկարգման աշխատանքներ են կատարվում։

«Այս փուլում նմուշառումները հետազոտության նպատակով ուղարկվում են Երևան՝ չի բացառվում, որ ինչ-որ փուլում այն հնարավոր լինի կազմակերպել տեղում՝ Արցախում: Լաբարատորիան տեխնիկապես անհրաժեշտ վիճակի բերելու հետ կապված աշխատանքները ավարտելուց հետո անհրաժեշտ որոշում կկայացվի»,- գրում է «Հետք»-ը։

Տեղեկատվական շտաբից վստահեցնում են նաև, որ Արցախի բոլոր շրջանների բուժհաստատություններում կան առանձնացված սենյակներ, անհրաժեշտության դեպքում քաղաքացիներին մեկուսացնելու համար։

«Շրջանների բժշկական կենտրոններում կահավորման և լրակահավորման աշխատանքներ են իրականացվել, որոշակի դեպքերում՝ նաև շինարարական թարմացումներ»,- հայտնել են տեղեկատվական շտաբից:

Տեղակատվական շտաբի տվյալների համաձայն, բուժհաստատություններում կա 2 մեկուսացված քաղաքացի, որոնց փորձանմուշների պատասխանները կստացվեն վաղը՝ ապրիլի 7-ին: