ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին, եթե նիստի ձայնագրության մեկ օրինակն իրեն տրամադրվի, հայտնել են նրա գրասենյակից։

«Թեև տարակուսելի է, որ համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ԱԺ հանձնաժողովը որոշել է նիստ անցկացնել, այնուամենայնիվ, ՀՀ կառավարության կողմից արտակարգ դրության ժամկետի երկարաձգման որոշում չկայացնելու դեպքում՝ ՀՀ երրորդ նախագահը պատրաստ է ապրիլի 16-ին՝ ժամը 14:00-ին, այցելել հանձնաժողով», - ասվում է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանում:

Սարգսյանի գրասենյակի պատասխանատուի ստորագրությամբ ուղարկված գրության մեջ նշվել է, որ չնայած ՀՀ երրորդ նախագահը որևէ օրենքով չի կրում պարտականություն հանձնաժողովի լսումներին ներկայանալու, այդուհանդերձ, նա «ոչ հանձնաժողովում և ոչ էլ որևէ այլ ձևաչափով խնդիր չունի մանրամասներ ներկայացնելու» Ադրբեջանի կողմից 2016թ-ին սանձազերծված ապրիլյան ռազմական ագրեսիայի վերաբերյալ։

Գրասենյակից նշել են, սակայն, որ Սարգսյանի կողմից հրապարակային բազմաթիվ անդրադարձներ են եղել՝ ելույթներ, հարցազրույցներ, նախագահի մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններ, հանդիպումներ, նիստեր, որոնցում հանգամանալից անդրադարձ է կատարվել այդ իրադարձություններին: