Արցախից ՀՀ ուղարկված երկու փորձանմուշի հետազոտության արդյունքով պացիենտներից մեկի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, փոխանցում են Արցախի առողջապահության նախարարությունից:

«Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ վերջինս ապրիլի 2-ին առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխված է եղել նույն բուժմիավորում՝ բռոնխիտի ախտանիշներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, այդ պատճառով ավելի վաղ նրա հետ առնչված բոլոր քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացել են՝ ընդհանուր 17 քաղաքացի: Այս պահին նրանք որևէ ախտանիշեր չունեն:

Արցախի Համաճարակաբանության և հիգենիայի կենտրոնը վարակակրի հետ հնարավոր շփումների շրջանակը ճշտելուց հետո օրեր առաջ ինքնամեկուսացված քաղաքացիների տներում անհրաժեշտ ախտահանիչ աշխատանքներ է իրականացրել:

Բնակավայրը շրջկենտրոնից գտնվում է 39 կմ հեռավորության վրա, մայրաքաղաքից՝ 89 կմ-ի վրա: Վերոնշյալ բնակավայրը քաղաքացուն մեկուսացնելուց հետո գտնվել է վերահսկողության տակ: