«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության #AraratChallenge շարժումը $120,000 է փոխանցել ՀՀ առողջապահության նախարարությանը՝ թոքերի օդափոխության սարքեր ձեռք բերելու նպատակով:

«Սա իսկապես լուրջ աջակցություն է և մարդասիրական քայլ «Ավրորայի» կողմից: Համավարակի բռնկումն աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի առողջապահական համակարգին ստիպեց արագ մոբիլիզացնել ուժերն ու օգտագործել ունեցած բոլոր ռեսուրսները, որպեսզի մարդիկ բուժում ստանան ժամանակին: Մեր պետության արձագանքն առողջապահական այս ճգնաժամին եղել է համարժեք: Ինչևէ, չպետք է թերագնահատել անհրաժեշտ սարքավորումների կարևորությունը, և այս համատեքստում մեր երախտագիտությունն ենք հայտնում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը»,- ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ավելի վաղ նախաձեռնությունը խոստացել էր #AraratChallenge շարժման հանգանակություններն ուղղել Հայաստանում առողջապահության ոլորտի մասնագետների աջակցությանը՝ տրամադրելով թոքերի օդափոխության սարքեր: Ըստ նվիրաբերության պայմանագրի՝ ձեռք բերված սարքերից առնվազն մեկը տրամադրվելու է Արցախի հիվանդանոցներից մեկին: