Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բանավոր հանձնարարական է տվել մարզպետներին` բանակցել շինարարական ընկերությունների հետ, որպեսզի արտագնա աշխատանքի չմեկնած քաղաքացիները կարողանան ներգրավվել շինարարական աշխատանքներում:

Այս մասին նախարարն ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Կառավարության 2019թ-ի ծրագրի քննարկմանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցադրմանը: Պատգամավորը կարևորել է կապիտալ ծախսերի ներառականությունը մարզերում և հետաքրքրվել, թե ի"նչ է պետք անել, որ մարդկանց աշխատանքը օգտագործվի:

«Պետական գնումների տրամաբանությամբ չենք կարող պահանջ դնել, որ կհաղթես դու եթե այդպես անես»,- ասել է Խաչատրյանը։

Նախարարն արձագանքել է շատ հարցեր կան, որոնք կարող են կազմակերպվել չշրջանցելով «Գնումների մասին օրենքը» և ներգրավել համայնքների բնակիչներին:

«Իմ կողմից կա բանավոր հանձնարարական մարզպետներին, քանի որ բոլոր մարզերում էլ ակնհայտ է, թե ինչ շինարարական ընկերություններ կան… Գիտենք, որ կան մարդիկ, որոնք այս փուլում պետք է գնային արտագնա աշխատանքի, չեն գնացել, այդ մարդիկ Հայաստանում են, բայց չունեն ընկերություններ: Ես խնդրել եմ առաջիկա ծրագրերում ներգրավել որակյալ աշխատուժը, էսօր Հայաստանում կա լավ աշխատուժ, որը նախորդ տարի չկար, գնացել էր արտերկիր, հիմա Հայաստանում է, և մենք բոլոր հնարավորություններն ունենք, որ էդ մարդկանց մոտիվացնենք, որ կամ իրենց կազմակերպությունների միջոցով մասնակցեն մրցույթներին կամ ներառվեն գոյություն ունեցող շինարարական ընկերություններում և ներգրավվեն աշխատանքներում»,- ասել է Պապիկյանը:

Նախարարի խոսքով` շինարարական աշխատանքները շատ են, աշխատանքի հնարավորություն շատ կա: Ըստ նրա` նախորդ տարի շինաշխատանքներում ներգրավված անձինք միջինում վարձատրվել են օրը 10 հազար դրամ:

«Ենթադրում եմ, որ այս տարի մի փոքր ցածր կլինի գումարը` կախված նրանից, որ աշխատուժը շատ է, բայց կոչ եմ անում կապալառու կազմակերպություններին հաշվի առնելով ներկայիս տնտեսական վիճակը` հնարավորինս այդ նժարը չիջեցնել»,- ասել է նա: