Ֆինանսների նախարարությունն առաջարկում է լրատվական կայքերով վիճակա­խաղերի գովազդների նկատմամբ 20 % կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն սահմանել նոր կարգավորում՝ թույլատրելով վիճակախաղերի գովազդ իրականացնել 21:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում:

Ֆինանսների նախարարությունը «Գովազդի մասին» օրենքում նման փոփոխություն կատարելու առաջարկություն է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Նշենք, որ «Գովազդի մասին» օրենքով՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդել վիճակախաղը։ Սակայն գովազդն արգելվում է իրականացնել ման­կա­պա­տանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով, իսկ լրատվական կայ­քերում գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայք­էջի 20 %-ից ավելին:

«Հաշվի առնելով, որ չկան հստակ չափորոշիչներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20 %-ից ավելին որակելու կամ չորակելու համար։ Նման մոտեցումը խնդրահարույց է թե´ ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե´ վերահսկողության տեսանկյուններից, քանի որ պարունակում է բարձր հայեցողական մոտեցման ռիսկեր վարչարարության իրականացման համար: Հետևաբար անհրաժեշտ է օրենքով սահմանված պահանջը քննարկել օրենսդրական կարգավորումների պրակտիկ իրացման տեսանկյունից»,-քննարկման ներկայացված նախագծում նշել է Ֆինանսների նախարարությունը։