Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է վարչական պատասխանատվություն նախատեսել արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում, չարտոնագրված աղբավայրերում այրելու համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը նման նախագիծ է քննարկման ներկայացրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

«Թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, հեշտ և համեմատաբար արագ եղանակն է, սակայն հանդիսանում է շրջակա միջավայրում դիօքսինների և ֆուրանների արտանետումների կարևոր և նշանակալի աղբյուր»,- որպես այս նախագծի հիմնավորում` նշել է նախարարությունը։

Ըստ նախագծի՝ արտադրության, սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում, դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում կամ այլ սարքերում այրելու դեպքում անձը կնախազգուշացվի կամ կտուգանվի՝ 50 հազար դրամով, իսկ պաշտոնատար անձը՝ 200 հազար դրամով։

Իսկ արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում, չարտոնագրված աղբավայրերում այրելու դեպքում անձը կտուգանվի 100 հազար դրամով, իսկ պաշտոնատար անձը՝ 400 հազար դրամով։

Եթե անձն այս արարքները կրկին կատարի մեկ տարվա ընթացքում կտուգանվի 200 հազար դամով, իսկ պաշտոնատար անձը՝ 800 հազար դրամով։

«Թափոնների բաց այրումն աղբավայրերում առաջացնում է էկոլոգիական հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում թափոնների վերամշակման, օգտահանման և այրման գործարանների, ինչպես նաև թափոնների վնասազերծման մասնագիտացված պոլիգոնների բացակայությամբ»,- նշել է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Նախարարությունը ընդգծել է, որ բաց այրումը միշտ ուղեկցվում է ծխով, տհաճ հոտով և առաջանում են մի շարք այնպիսի վտանգավոր նյութեր (դիօքսիններ, ֆուրաններ, պոլիքլորացված բիֆենիլներ, հեքսաքլորբենզոլ), որոնք թերի այրման արգասիքներ են։