Գերմանական BMW ավտոարտադրողը հայտնել է, որ պատրաստ է զբաղվել բժշկական դիմակների արտադրությամբ։ Նման հայտարարությամբ չորեքշաբթի օրը հանդես է եկել ընկերության գործադիր տնօրեն Օլիվեր Ցիպսեն՝ Մյունխենում Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերի հետ հանդիպման ժամանակ։

«Այսպիսով մենք ակտիվորեն կաշխատենք համաշխարհային դեֆիցիտի բացը լրացնելու ուղղությամբ»,- նշել է Ցիպսեն։

«Շատ շուտով մենք կկարողանանք օրական արտադրել մի քանի հարյուր հազար բժշկական դիմակներ։ Այն ուղղված կլինի ինչպես աշխատակիցների անվտանգության ապահովման, այնպես էլ հանրության պահանջների բավարարման համար»,- հավելել է ավտոարտադրող ընկերության ղեկավարը։

Իր հերթին Մարկուս Զյոդերը հայտնել է, որ այս քայլը շանս է՝ «ի օգուտ գերմանական արտադրողի բարելավելու համաշխարհային շուկայում առկա միջազգային մրցակցությունը»։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ընկերությունը կարճ ժամկետներում պարտավորվել է Բավարիայի բուժանձնակազմին ապահովել FFP2 տիպի շուրջ 150 000 բժշկական պրոֆեսիոնալ դիմակներով և 1 միլիոն սովորական դիմակներով։

Ավելի վաղ, Բավարիայի վարչապետ Զյոդերը հանրային վայրերում դիմակների կրումն անվանել էր այն գլխավոր նախապայմաններից մեկը, որը հնարավորություն կտա ապրիլի 19-ից երկրամասում կրճատել գործող սահմանափակումները։

Վերջին տվյալների համաձայն՝ Գերմանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 109 329-ի, ապաքինվածների թիվը՝ 36 081-ի, իսկ մահացածների թիվը՝ 2096-ի։