Արցախում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով թեստավորված երեք քաղաքացուց 2 թեստավորման արդյունքը եղել է դրական, տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը։

Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է, ով ապրիլի 2-ից արդեն ինքնամեկուսացվել էր:

Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած ՀՀ քաղաքացի է, որի անհատական քարտի լրացման ժամանակ պարզվել է, որ եկել է ռիսկային բնակավայրից: Այդ քաղաքացին ևս մինչև թեստավորումը գտնվել է ինքնամեկուսացման մեջ, և առաջիկայում նրան տեղափոխելու են Հայաստան:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաստատված կորոնավիրուսի վարակով երկրորդ անձը, ունենալով Մոշաթաղ համայնքի գրանցում, մարտի 31-ին կայացած ընտրությունների օրը քվեարկել էր Միրիկի հարևան Մոշաթաղ համայնքում, այնտեղ արդեն մի քանի օր է ուժեղացված ծառայություն են իրականացնում Արցախի ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Քաշաթաղի շրջանային բաժնի մասնագետները, իսկ գյուղի բնակիչները պատասխանատուների հորդորով ինքնամեկուսացվել էին իրենց առանձնատներում:

Իրականացվող աշխատանքների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ: