Թուրքական մամուլը սկանդալային է որակել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի գրությունը։ Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին, գրում է Էրմենիհաբեր-ը։

Նշենք, որ Չինաստանից ՀՀ հասած մարդասիրական օգնության տուփերի վրա գրված էր․

«Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Թուրքիայում այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։

Հիշեցնենք, որ ՀՀ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։