Ապրիլի 10-ի առավոտյան կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մահացածը 81 տարեկան էր, տառապում էր նաև այլ հիվանդություններով, գրում է Aysor.am-ը։

Նախարարն ասել է նաև, որ չի կարելի կարող համարել, թե կորոնավիրուսի տարածումը մարում է։

«Եթե նախկինում 50 դեպք ունեինք մի աղբյուրից, օրինակ՝ մի արտադրամասից, հիմա ունենում ենք 16, 20, 30 դեպք, բայց 10 կամ 20 տարբեր աղբյուրից։ Հետևաբար վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել շրջանառությունից», - ասել է նա։

Նախարարը նշել է նաև, որ անկախ ամեն ինչից պետք է նույն կերպ շարունակել՝ գտնել դեպքը, թեստավորել, հաստատել, մեկուսացնել շրջանակը, բուժել և առողջացած դուրս գրել։

«Այդ գործողությունը պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ կլինենք ուժասպառ ազգովի, երկրով մեկ, այդ ժամանակ որոշ գործողություններ արանքից կհանենք։ Կթողնենք մենակ թեստավորումն ու բուժումը, մեկուսացումը չենք անի, որովհետև արդեն անիմաստ կլինի, տարածումն արդեն շատ-շատ մեծ կլինի», - հավելել է նա։

Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 937-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 16-ով: Ապաքինվածների թիվն ավելացել է ևս 11-ով՝ հասնելով 149-ի։