Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները, որոնք «Յուքոմ» ընկերության հիմնադիրներն են և ընկերության 5.94% բաժնետերերը, առաջարկել են մյուս սեփականատերերին իրենց վաճառել մնացած բաժնետոմսերը։ 94.06% բաժնետոմսերի համար առաջարկ է արվել վճարել 22․1 մլրդ դրամ (մոտ $44 մլն), ասվում է եղբայրների տարածած հաղորդագրությունում։

Հայտարարության մեջ նշվում է, որ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը հաստատում է իր ու հարյուրավոր աշխատակիցների՝ աշխատանքից ազատման դիմում գրելու լուրը։

«576 հոգի փաստացի դիմում է գրել, այդ թվում գրեթե ողջ ղեկավար անձնակազմը, ղեկավարների միջին օղակը և ողջ տեխնիկական թիմը։ Չնայած դրան, արդեն փաստացի աշխատանքից ազատման դիմում ներկայացրած աշխատակիցները շարունակում են անխափան պահել ծառայությունների հասանելիությունը՝ հատկապես հաշվի առնելով արտակագ դրությունը երկրում և կապի կարևորությունը մեր օրերում», - ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ ստեղծված իրավիճակը ծագել է բաժնետերերի միջև հակասությունների պատճառով։ Հայկ Եսայանը հայտնել է, որ բաժնետոմսերը գնելու դեպքում եղբայրները նպատակ ունեն հնարավորություն տալ ընկերության աշխատակիցներին արտոնյալ պայմաններով ձեռք բերել հետ գնված բաժնետոմսերի 20%-ը և դառնալ կազմակերպության համասեփականատերեր։

«Յուքոմի» այլ բաժնետերերն են ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներն ու ռուսաստանաբնակ Սամվել Կարապետյանի «Տաշիրի» կազմ մտնող ընկերություններ։ «Յուքոմը» «Բիլայնը» գնելու հայտ էր ներկայացրել։