Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ, որի ընդունմամբ Սահմանադրության ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ, հայտնում են կառավարությունից։

ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստին փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը:

Մասնավորապես, առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ:

Այնուհետև քննարկվել են տնտեսական գործունեության առանձին տեսակների սահմանափակումներին, դրանց վերացման հնարավորության ժամանակացույցին, վարակի տարածման հակազդելուն ուղղված գործողությունների պլանին վերաբերող հարցեր:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, իր հերթին, ամփոփ ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրությանն ու վարակված անձանց առողջական վիճակին վերաբերող տեղեկատվություն: