Արտակարգ դրությունը երկարացնելու որշումն անխուսափելի է և անհրաժեշտ վարակի հետագա տարածումը կանխելու համար, սակայն կարևոր է նաև տնտեսական կյանքը պահպանելը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ պատճառով մենք որոշել ենք, որ երկուշաբթի օրվանից (ապրիլի 13-ից, խմբ.) մի շարք ոլորտների գործունեությունն ամբողջությամբ կթույլատրվի և որոշակի ծրագրով կմոտենանք այլ գործունեության տեսակներ թույլատրելու հնարավորություններին»,- ասել է Փաշինյանը:

Նա հավելել է, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ թույլատրված կլինի գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ձկնորսության, հանքարդյունաբերության ոլորտների գործունեությունը։

«Ամբողջությամբ թույլատրելի կլինեն նաև բաց հանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի, լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտ, առողջապահության և բնաչության սոցիալական սպասարկում ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը»,- ասել է նա:

Կվերականգնվի նաև բացօթյա շինարարական գործունեությունը, ծխախոտային արտադրությունը, ապրիլի 20-ից հետո՝ տեքստիլի արտադրությունը, տնտեսական խանութների աշխատանքը։ Փաշինյանը նշել է նաև, որ կսկսի աշխատել տեքստիլ արդյունաբերության, հագուստի արտադության ոլորտը: