ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրությունն ապրիլի 14-ից 30 օրով կերկարաձգվի՝ մինչև մայիսի 14-ը, ժամը 17։00-ն, Կառավարության նիստում հայտարարել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նա նշել է, որ ԶԼՄ-ի հանդեպ կիրառվող սահմանափակումներին վերաբերող օրենքն ուժը կորցրած է ճանաչվում։

Բադասյանը հայտնել է, որ արտակարգ դրության ընթացքում կայանատեղիների տեղական տուրքը չվճարելու համար վարչական վարույթներով արգելանք չի կիրառվի, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության վարչական իրավախատումների վերաբերյալ գործերով արգելանք չի կիրառվի։

Նախարարը նշել է նաև, որ հնարավոր կլինի արտակարգ դրության պայմաններում սեփականության իրավունքի սահմանափակում իրականացնել, եթե դա բխում է արտակարգ դրության իրավական ռեժիմից, օրինակ՝ հիվանդներին կամ ռիսկային խմբում գտնվող անձանց որևէ տարածքում տեղակայելու համար։

Նախագիծը ներկայացվել է՝ հաշվի առնելով, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի հետևանքով «առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման»։

Կառավարության նիստից հետո, Սահմանադրության համաձայն, պետք է գումարվի ԱԺ հատուկ նիստ: