Փհենչհան-2018 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի միակ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի շուրջ ծավալված խնդրի վերաբերյալ մարտի 1-ին ՀԱՕԿ-ում կայացել է նիստ, որը վարել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։ Օլիմպիական խաղերին մարզիկը ուշացումով ներկայացել, քանի որ իր մարզական գույքը դեռ չէր ստացել։

Նիստի ընթացքում որոշվել է լուծարել լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականը և կազմել նոր հավաքական: Թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Հարությունյանը հեռացման դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է հենց ինքը Սեյրան Հարությունյանը, փոխանցում է news.am-ը։

Լրատվականի կայքի թղթակցի հետ զրույցում մարզիչը հայտնեց, որ ներկա է եղել ՀԱՕԿ-ի քննարկմանը: Նիստին ներկա են եղել 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության անդամները, Ծաղկաձորի քաղաքապետ և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հարությունյանը:

«Մանրամասն քննարկվեց, ներկայացվեց, թե ինչպես է ստացվել, որ մարզիկի գույքը ժամանակին չի հասել իրեն: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը փաստերով ներկայացրեց, որ մարզիկի համար նախապես պատվիրված է եղել գույքը: Ինքը՝ Աշոտ Կարապետյանը անամոթաբար փորձում էր հերքել իր ասածները: Որոշում կայացվեց հավաքականը ցրել և նոր հավաքական ձևավորել: Կլինի ֆեդերացիայի նիստ, որի ընթացքում լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականը կլուծարվի: Կլինեն նոր նշանակումներ: Կլինի նաև նոր գլխավոր մարզիչ, քանի որ ես հրաժարվել եմ ավագ մարզչի պարտականություններից: Ես դեռ Օլիմպիական խաղերից առաջ էի ցանկանում հրաժարական տալ, քանի որ միշտ եղել են ու շարունակվում էին խոսակցությունները, որ ես իմ որդի Հարություն Հարությունյանին եմ առաջ քաշում, և որ նրան էի ցանկանում տանել Օլիմպիական խաղերին»,- ասաց Սեյրան Հարությունյանը: