ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը հայտարարություն է տարածել.

«Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցանկացող մեր սիրելի հայրենակիցներ.

Ռուսաստանում իրավիճակը մնում է նույնը՝ չվերթները դադարեցված են, օդանավակայանում կուտակումները շարունակվում են, ամեն օր ավելանում են աշխատանքը կորցրած և ժամանակավոր կեցության կարիք ունեցող մեր քաղաքացիների խնդիրները։ Այս իրավիճակում մենք պետք է գործենք միասնական, համախմբված և հաշվենկատ կերպով։ Պետք է օգնենք իրար՝ որպեսզի կարողանանք միասնաբար լուծել մեր առջև ծառացած գերխնդիրը, այն է՝ ապահովել խոցելի վիճակում հայտնված մեր հայրենակիցների կենսապահովումն ու, առաջին իսկ հնարավորության պարագայում, Հայաստան փոխադրումը։

Կոչ ենք անում Ձեզ չմատնվել խուճապի, պահպանել սառնասրտություն և ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին։ Վերջին տաս օրում ՀՀ դեսպանատան և գործընկեր կազմակերպությունների ու անհատների ջանքերով ավելի քան հինգ հարյուր հայրենակիցներ կարողացել են վերադառնալ հայրենիք, դուք էլ կկարողանաք։ Բայց հաշվի առեք, որ տասնյակ հայեր մնացել են անօթևան, զրկվել են սնունդ և առաջնային օգտագործման պարագաներ ձեռք բերելու հնարավորությունից։ Մենք միասնաբար ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի լուծենք անելանելի վիճակում հայտնված մեր հայրենակիցների հարցերը։ Շատերին ապահովել ենք կացարանով, սննդով, խորհրդատվական և հոգեբանական աջակցությամբ։ Մեր շահառուներից շատերը արդեն Հայաստանում են՝ պարտադիր կարանտինի մեջ, շատերն էլ սպասում են իրենց հերթին։ Խուճապը, անհարկի իրարանցումն ու սադրանքը կխանգարեն խոցելի վիճակում հայտնված անձանց մեր կողմից բացահայտմանն ու Հասցեական աջակցության ցուցաբերմանը։ Հորդորում և խնդրում ենք Ձեզ, եթե ունեք բնակվելու պայմաններ՝ համբերեք և խուճապի մի մատնվեք, օդանավակայանում կուտակումներ մի առաջացրեք, փորձեք մնալ Ձեր ներկա կացարաններում և չստեղծել ավելորդ լարվածություն։ Կուտակումները վտանգավոր են և կարող են առաջացնել անցանկալի հետևանքներ։ Այս պահին ամենահարմարն ու ապահովը Ձեր ժամանակավոր կացարաններում մնալն ու դեսպանատան հաղորդագրություններին հետևելն է։ Իսկ եթե իրոք չունեք կացարան, հայտնվել եք փողոցում, ունեք սննդի կարիք՝ ապա անհապաղ տեղեկացրեք մեզ, և մենք կփորձենք աջակցել Ձեզ /զանգեք +7(915) 218-82-68 հեռախոսահամարին կամ գրեք վոթսափով նույն համարին/։ Անհրաժեշտ է նաև Ձեր խնդիրների կամ Հայաստան վերադառնալու ցանկության մասին հայտնել ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը՝ [email protected] էլեկտրոնային փոստին նամակ գրելու միջոցով, նկարագրեք ձեր խնդիրներն ու ակնկալիքները, և մենք միասնաբար կփորձենք օգնել Ձեզ։

Սիրելի բարեկամներ, բոլոր դժվար և պատասխանատու պահերին, մենք ազգովի ապացուցել ենք, որ կարող ենք դառնալ բանակ՝ Ազգ-բանակ. այսօր այդ պահն է, և մենք միասի'ն կհաղթենք»։