Որքան շատ տանը մնանք, այնքան շուտ տանից դուրս կգանք». Բաբկեն Թունյան
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուրեմն կա վարակի տարածման գործակից՝ R, որը ցույց է տալիս, թե մեկ մարդը միջինում քանի հոգու է վարակում։
Եթե R-ը 2-ից մեծ է, ամեն վարակակիր իր հերթին 2-ից ավելի մարդու է վարակում, ուրեմն վարակը տարածվում է երկրաչափական պրոգրեսիայով։ Պարզ ասած, դա վատ է։
Մոտ 20 օր առաջ Հայաստանում R-ը մեծ էր 2-ից։
Արտակարգ դրություն հայտարարելուց և սահմանափակումներ մտցնելուց հետո այն սկսեց նվազել։
Ապրիլի 5-ին Ավինյանը հայտարարեց, որ R-ը նվազել է մինչև 1.4, և հույս հայտնեց, որ կհաջողվի այն նվազեցնել և իջեցնել 1-ից ցածր արժեքի։ Դա կնշանակեր, որ վարակի տարածումը կառավարելի է, և կարելի է կամաց-կամաց մտածել սահմանափակումները աստիճանաբար վերացնելու և բնականոն կյանքի վերադառնալու մասին։
Այսօր Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ R-ը նվազել է մինչև 0.8-0.9: Ըստ այդմ, տնտեսական գործունեության որոշ տեսակներ կթույլատրվեն։
Իսկ եթե R-ը հաջողվի ավելի նվազեցնել՝ հասցնել 0.5-ից էլ ներքև, ապա կարող ենք մտածել սահմանափակումները ամբողջությամբ վերացնելու մասին՝ միաժամանակ պահպանելով զգուշավորությունը և պատահական թեստեր անելով։
Ամփոփելով՝ մեր բոլորիս նպատակն է R-ը հնարավորինս արագ նվազեցնել (վարակի տարածման տեմպը թուլացնել):
Իսկ դրա համար ընդամենը պետք է մնալ տանը և հետևել արտակարգ ռեժիմի կանոններին։
Թունելի վերջում լույսը երևում է, ու որքան շատ տանը մնանք, այնքան շուտ տանից դուրս կգանք»,- գրել է նա։