ՀՀ կառավարությունը ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների նախարարությանը թույլտվություն տվեց Արտաշատի խճուղու 5/1 հասցեում գտնվող «Նաիրիտ - 2» ՓԲԸ-ի շենքերի, շինությունների, ինչպես նաև հողային տարածքների վաճառքի համար: Համապատասխան որոշումը հաստատվել է մարտի 1-ի կառավարության նիստի ժամանակ: Ծրագիրը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Կարեն Ղահրամանյանը:

Նա նշեց, որ կառավարությունը որպես «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետեր հանդես եկող գերատեսչությանը թույլ կտա որոշում կայացնել քիմիական գործարանի 114.6 մլն դրամ արժողությամբ շենքերի և շինությունների և 626,9 մլն դրամ արժողությամբ 10.3 հա հարակից հողատարածքի վաճառքի մասին: Որպես գնորդ հանդես կգա «Ա-Ս Ինվեստմենթս» ՍՊԸ-ն, որը նախկինում ևս գնել էր գործարանի ակտիվները: «Ա-Ս Ինվեստմենթս» ՍՊԸ-ն ընթացիկ ամսում դիմել էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին նախկին քիմիական գործարանի գույքային համալիրը արդյունաբերական և այլ բիզնես ծրագրերի իրականացման նպատակով ձեռք բերելու խնդրանքով: