ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին նախագծին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ արդեն իսկ ավարտվել են ԱՏԳ-ի անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորման աշխատանքները և այս որոշմամբ սկիզբ կդրվի ազատ տնտեսական գոտու գործունեությանը:

Նախարարի խոսքերով՝ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, ունենալով առևտրի արտոնյալ ռեժիմներ ԵՄ, ԱՄՆ, Կանադայի, Ճապոնիայի, Շվեյցարիայի, այլ երկրների և ընդհանուր սահման ԻԻՀ-ի հետ, ունենալով միջազգային վարկանիշներով հաստատված գրավիչ ներդրումային և գործարար միջավայր՝ ԻԻՀ հետ սահմանակից ազատ տնտեսական գոտի ունենալու դեպքում կարող է լուրջ հետաքրքրություն ներկայացնել Հայաստանում արտահանման կողմնորոշում ունեցող արտադրություն կազմակերպելու, Հայաստանի աշխարհագրական դիրքով պայմանավորված առևտրային և լոգիստիկ հնարավորություններն օգտագործելու համար:

Սուրեն Կարայանը նշեց, որ Ազատ տնտեսական գոտին կզարգանա երկու փուլով՝ ավարտական փուլում ունենալով 70 հեկտար տարածք: «Գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող կազմակերպություններ, որոնք կիրականացնեն շուրջ 130-150 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվի շուրջ 1500 նոր աշխատատեղ: Արտահանման ծավալները կկազմեն 350 մլն դոլար»,- ասաց նախարարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին ի պատասխան՝ Սուրեն Կարայանը հայտնեց, որ դեկտեմբերի 15-ին տեղի կունենա ԱՏԳ-ի բացումը: