Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիան դեռ չի հասել իր գագաթնակետին։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարեթ Հարիսը։ Նա նշել է, որ Եվրոպայում նկատվում է հիվանդության միատարր պատկեր։ Իտալիայում և Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը բարելավվել է, սակայն Մեծ Բրիտանիայում և Թուրքիայում նկատվում է վարակակիրների թվի կայուն աճ։

Աշխարհում Եվրոպային և ԱՄՆ-ին են բաժին հասնում կորոնավիրուսի վարակակիրների շուրջ 90 %-ը։ Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա այնտեղ մինչ օրս գրանցվում են կորոնավիրուսի վարակման դրսից բերովի դեպքեր, հատկապես, Ռուսաստանից։ ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կհայտնվի ոչ շուտ, քան մեկ տարի անց։

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում հասել է 1 981 912-ի, ապաքինվածների թիվը՝ 466 229-ի, իսկ մահացածների թիվը՝ 125 078-ի։ Վարակակիրների և մահացության ցուցանիշներով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները։ Եվրոպական որոշ երկրներ սկսել են մեղմացնել սահմանափակումները, որոնք մտցվել էին դեռ փետրվարի վերջին և մարտի սկզբին։ Իսպանիայում և Իտալիայում վերսկսվել են որոշ ընկերությունների և ծառայությունների աշխատանքները, Դանիան որոշել է բացել մանկապարտեզները և տարրական դպրոցները, իսկ Ավստրիայում կբացվեն որոշ խանութներ։