Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը մեկնաբանել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայտարարությունը, ըստ որի՝ նա կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը։ Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայան-ը։

«ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ, միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ Մայր Այթոռը կվերագնահատի Մայրապետյանի երաշխավորության պատմությունը և դրա հետևանքով առաջացած վիճակը»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Գևորգյանը հիշեցրել է, որ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը մինչև այս եղել է Ռոբերտ Քոչարյանի հետ նույն` Մարտի 1-ի գործով անցնող, «տարբեր հանցանքների, այդ թվում՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալուն և փողերի լվացմանն օժանդակելու» մեջ մեղադրվող Սամվել Մայրապետյանի անձնական երաշխավորը։

«Մայրապետյանը 2019թ-ի հունվարից բուժման պատրվակով մեկնել է երկրից և չնայած քննչական մարմնի պահանջին և ի հեճուկս Տեր Վահրամ քահանա Մելիքյանի երաշխավորությանը, չի վերադարձել Հայաստան»,- ասել է Գևորգյանը։