Վրաստանում ՀՀ դեսպանությունը կոչով դիմել է բեռնատարների վարորդներին
Վրաստանում ՀՀ դեսպանությունը կոչով դիմել է բեռնատարների վարորդներին` հորդորելով պահպանել այդ երկրում սահմանափակման կանոնները, հակառակ դեպքում նրանք կտուգանվեն։ Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։
«Ելնելով Վրաստանում նոր կորոնովիրուսի դեմ պայքարի շրջանակներում մտցված սահմանափակումներից՝ բեռնատարների վարորդներին կոչ ենք անում՝
Վրաստանի տարածքում 3 մարդուց ավելի չհավաքվել (բեռնատարների հերթի ժամանակ գրանցվել են դեպքեր),
Վրաստան մուտք գործել միայն մեկ վարորդով (բեռնատարի մեջ երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինս իջեցվում է, իսկ բեռնատարը շարունակում է ընթացքը),
Ժամը 21։00-06։00 դուրս չգալ բեռնատարից, իսկ Մառնեուլիի շրջանի տարածքում որևէ ժամի դուրս չգալ մեքենայից (Վրաստանում ժամը 21։00-06։00 ամենօրյա ռեժիմով պարետային ժամ է հայտարարված, իսկ Մառնեուլիի շրջանում խիստ կարանտինային ռեժիմ է)»,- ասվում է գրառման մեջ։
Կարգը խախտած անձինք կտուգանվեն Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության կողմից 3000 լարիի (մոտ $950) չափով։