Էլեկտրասյուներին, ծառերին հայտարարություններ փակցնելու համար 100,000 դրամ տուգանք է սահմանված։ Այդ մասին ասվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։

Գրառման մեջ ասվում է, որ օրեր առաջ ՀՀ նախագահը ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, այսինքն՝ մինչև 100,000 դրամ։

«Արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում»,- ասվում է գրառման մեջ։

Բացառություն են կազմում բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևանի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակները: