Ազգային ժողովն ընդունել է 50 մլն դրամից ավելի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագիծը, որով նախատեսվում է բռնագանձել այն գույքը, որի ձեռքբերումը չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով:

Նախագիծը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ օրինագիծն էֆեկտիվ է կոռուպցիայի դեմ պայքարում։

Նա հայտնել է, որ դրանում մի շարք լրացումներ են արվել՝ այդ թվում նաև ընդդիմության առաջարկով, օրինակ՝ ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման շեմը 25 մլն դրամից բարձրացվել է 50 մլն դրամի։

Ըստ նախարարի՝ գույքի ապօրինի ծագումն ապացուցելու բեռն ընկնում է պետության վրա։

Բադասյանի խոսքով՝ անձինք, ում գույքը փոխանցվել է որպես ալիմենտ, կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու փոխհատուցում, ազատվել են ստացված գույքը վերադարձնելու պարտականությունից՝ անկախ գույքի ծագման մասին իմանալուց։ Հստակ նախատեսվել է, որ գույքի բռնագանձմամբ չեն դադարում գույքի առնչությամբ բարեխիղճ անձանց, այդ թվում՝ գրավառուների իրավունքները։

Բադասյանը նշել է, որ ապօրինի հարստացման վերաբերյալ ուսումնասիրությունը սկսելուց առաջ պետք է ներառվեն առնվազն 10 տարվա տվյալներ, բացառիկ դեպքերում՝ տվյալներ՝ սկսած 1991 թվականից։

Բադասյանը նաև հայտնել է, որ նախագիծը ներկայացնելիս հաշվի է առնվել միջազգային փորձը։