ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է դադարեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) բյուջե ամերիկյան հատկացումները։ Պատճառն այն է, որ Թրամփի կարծիքով, կազմակերպությունը չի կարողացել հաղթահարել կորոնավիրուսի պանդեմիան։

«Իրականությունն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատշաճ կարգով չի ստացել, չի ստուգել և ժամանակին ու թափանցիկ կերպով չի տարածել առկա տեղեկատվությունը»,- հայտարարել է Թրամփը՝ Սպիտակ տանը տեղի ունեցած ամենօրյա մամուլի ասուլիսին։

«Աշխարհն ակնկալում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է աշխատի երկրների հետ այն նպատակով, որ առողջությանն սպառնացող միջազգային վտանգի վերաբերյալ տեղեկատվությունը տարածվի իր ժամանակին, և եթե դա տեղի չունենա, ապա աշխարհին տեղեկացնել տեղի ունեցող գործընթացների մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ըստ Թրամփի՝ ԱՀԿ-ն չի կատարել իր առաջնային պարտականությունը և պետք է պատասխանատվություն կրի։ Նա նշել է, որ եկել է ժամանակը վերջ տալու այս ամենին։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ ՄԱԿ-ի գործակալությունը տարածել է չինական ապատեղեկատվությունը, ինչը հանգեցրել է համաճարակի առավել մասշտաբային հետևանքների։ Թրամփը հանձնարարել է դադարեցնել ֆինանսավորումը՝ մինչ համաճարակի տարածման գործընթացում կազմակերպության ունեցած դերակատարման բացահայտումը, որը հանգեցրել է վիրուսի արագ տարածմանն ամբողւջ աշխարհում։

Մինչ այս ԱՄՆ-ն համարվում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորման խոշորագույն աղբյուրը։ Միայն նախորդ տարի երկիրը ԱՀԿ-ին հատկացրել էր 400 միլիոն դոլար կամ ընդհանուր բյուջեի 15 %-ը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ հիմա ժամանակը չէ ԱՀԿ-ի կամ մեկ այլ հումանիտար կազմակերպության գործունեության ռեսուրսների կրճատման համար, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ։ Reuters գործակալության փոխանցմամբ Գուտերեշը նշել է, որ հիմա ժամանակն է միավորման և միացյալ համերաշխ աշխատանքի՝ ընդդեմ աղետի և համաճարակի հետևանքների կանխարգելման։