Ազգային անվտանգության ծառայությունը, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարի ոլորտում օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք է առաջադրել Հայ առաքելական եկեղեցու թեմերից մեկի առաջնորդական փոխանորդին:

ԱԱԾ-ն հաղորդագրությունում, առանց անունների, նկարագրվում է գործարար Փայլակ Հայրապետյանի ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքիեպիսկոպոս Կճոյանի և նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ տարիներ առաջվա գործարքը, որի մասին առաջինը գրել էր «Հետք»-ը։ Նախկին վարչապետն ու արքեպիսկոպոսը հերքել էին առնչությունը գործարքին։ Գործով 16 տարվա ազատազրկման էր դատապարտվել Աշոտ Սուքիասյանը, ով դատապարտվել էր Հայրապետյանին խարդախությամբ խոշոր չափի գույքից զրկելու դատավճռով։

ԱԱԾ-ի ստացած փաստական տվյալներով, փոխանորդը, 2010թ-ի ամռանն իր հետ քավոր-սանիկական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ՝ իբրև Աֆրիկայի մայրցամաքում իրեն պատկանող ադամանդի հանքավայրերում $12,000,000 գումարի չափով ներդրում կատարելու դեպքում արտադրողականությունը բարձրացնելու, արդյունահանված ադամանդի հումքը Հայաստանի Հանրապետությունում վերամշակելու և վաճառքի հանելու մտածածին պատրվակով, շահագրգռել է ՀՀ ձեռնարկատերերից մեկին հիշյալ ներդրումը կատարելու հարցում, այնուհետև ձեռք են բերել վերջինիս ու նրա մերձավորներին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 11,442,068,000 դրամ ընդհանուր արժողությամբ, մի շարք անշարժ գույքերի նկատմամբ իրավունք, դրանց գրավադրմամբ ՀՀ առևտրային բանկից 2010թ-ի հունիսի 28-ից մինչև 2011թ-ի հունիսի 27-ն ընկած ժամանակահատվածում ստացել և անարգել տնօրինել են 3,664,175,000 դրամին համարժեք $9 մլն և 361,500,000 դրամ գումարի չափով վարկային միջոցներ, մի շարք բանկային և առևտրային գործարքներով, փոխանցումներով, փոխարկումներով թաքցնելով և խեղաթյուրելով դրանց ծագման աղբյուրը, տեղաշարժն ու պատկանելիությունը: Հանցավոր եղանակով ստացված եկամուտներն օրինականացնելու համար օգտագործվել է հանցավոր խմբի անդամների կողմից նախապես՝ 2010թ. գարնանը, օֆշորային գոտում հիմնադրված ընկերությունը, որի 33 տոկոս բաժնեմասը պատկանել է եկեղեցու հիշյալ սպասավորին:

Վերը նշված հանցագործությունները բացահայտվելուց հետո, 2013թ-ի ընթացքում նշված հոգևորականը, օգնելու խոստումներ տալով, համոզել է հետախուզման մեջ գտնվող հանցակցին ստանձնել ամբողջ պատասխանատվությունը և հանցագործությանն իր մասնակից լինելու ապացույցները կեղծելուն կամ ոչնչացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկել:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված բոլոր անձանց պարզելու և պատասխանատվության ենթարկելու, պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: