Կառավարությունն ընդլայնել է հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը
Կառավարությունն ընդլայնել է կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքները չեզոքացնելու ծրագրի շահառուների շրջանակը: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվա քննարկումների արդյունքում որոշեցինք հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շահառու դարձնել նաև մասնավոր մանկապարտեզների աշխատակիցներին, մարմնամարզական կենտրոնների աշխատողներին, տրանսպորտի ոլորտի աշխատողներին: Նաև որոշում ենք կայացրել նպաստառու ընտանիքներին աջակցելու մասով, գիտեք, որ մինչ այժմ որևէ աջակցություն չենք հատկացրել` կանխավարկածով, որ իրենք նպաստ են ստանում»,- ասաց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով` որոշում են կայացրել նպաստառու ընտանիքներին նպաստի կես չափով միանվագ աջակցություն տրամադրել:
«Ընդ որում՝ աջակցության 30 տոկոսը կփոխանցվի կոմունալ ծախսերի նրանց հաշվին` անկախ նրանից 11-րդ ծրագրի շահառու՞ են, թե՞ ոչ: Մնացած մասը առձեռն որպես միանգավ աջակցություն կտրամադրվի իրենց»,- նշեց վարչապետ Փաշինյանը: