ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, անդրադառնալով Ամեայն Հայոց կաթողիկոսի` ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոխելու հորդորին և դրան հաջորդած բանավեճին պաշտոնյաների և հոգևորականների միջև, հայտարարել է որ ՀԱԵ դեմ հերթական արշավն անթույլատրելի է ու խիստ վտանգավոր:

Հայտարարության մեջ նշվում է, որ արտակարգ դրության ու համաճարակի պայմաններում համախմբվելու և հիմնախնդիրները միասնաբար հաղթահարելու գիտակցությունն իշխանության կողմից առայժմ ոչ միայն չի կարևորվում ու չի կազմակերպվում, «այլև հակառակը` շարունակվում է հասարակությունը պառակտելու հին, արատավոր ու խիստ վտանգավոր գործելաոճը»:

«Իշխանության քաղաքական շահախնդրություններն արդեն անցնում են զուտ մարդկային, բարոյական ու արժեհամակարգային բոլոր սահմանները:

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես եկավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը համաճարակի այս պայմաններում փոխելու` զուտ մարդկային, բարեսիրական, բարոյական ու միանգամայն արդարացված հորդորով: Ցավոք, այդ մարդասիրական հորդորը դեռևս ոչ միայն պաշտոնական պատասխանի չի արժանացել, այլև կազմակերպված կերպով սանձազերծվել է տգեղ ու անբարոյական քարոզարշավ Հայոց Հայրապետի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ»,-ասվում է հայտարարության մեջ:

ՀՅԴ ԳՄ-ն նաև նշել է.

«Իշխանություններից պահանջում ենք հստակ դիրքորոշում հայտնել այս կապակցությամբ և համապատասխան վերաբերմունք դրսևորել նմանօրինակ կեցվածք ցուցաբերած քաղաքական, պետական, հանրային գործիչների հանդեպ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ազգային արժեքների դեմ ցանկացած ոտնձգություն մեր կողմից արժանանալու է համարժեք պատասխանի»: