Ապրիլի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող ընտանիքներին աջակցություն կտրամադրվի իրենց նպաստի 50%-ի չափով: Այդ մասին հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով կորոնավիրուսի պատճառով տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ ծրագիրը:

Նա նշել է, որ աջակցության 70%-ն ընտանիքին տրամադրվելու է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ 30%-ը փոխանցվելու է որպես բաժանորդի կողմից սպառվող էլէներգիայի վճար։ Շահառուի՝ բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը նրան տրամադրվում է կանխիկ։

Բաժանորդ հանդիսացող շահառուի էլէներգիայի գումարը փոխանցվելու է մատակարարող ընկերությանը, պարտքի դեպքում՝ գումարն օգտագործվելու է այն մարելու համար, իսկ պարտք չունենալու պարագայում՝ որպես կանխավճար։

Խոսքը մոտ 85,000 ընտանիքի մասին է, աջակցության ընդհանուր գումարը կկազմի 1․2 մլրդ դրամ։

Կառավարությունը սոցիալական և տնտեսական բնույթի 13 ծրագիր է նախատեսել՝ կորոնավիրուսի տնտեսական և սոցիալաան հետևանքները մեղմելու համար։