Ապրիլի 15-ին Հայաստան է բերվել 100,000 թեստի ռեագենտ, հայտարարել է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ դրանք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին։

Ավինյանի խոսքով՝ ՀՀ-ում սկսվելու է ՊՇՌ թեստերի արտադրություն։

«Կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսը արդարացված է, հուսանք՝ մենք կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, որով սպասում ենք», -ասել է նա՝ անդրադառնալով Հայաստանում թոքերի արհեստական օդափոխման սարքերի արտադրությանը։

Կառավարության որոշմամբ՝ առանց մրցույթի 2020թ-ի պետբյուջեով նախատեսված ծրագրի շրջանակում «Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով։

ՀԿ-ն այդ դրամաշնորհի շրջանակում պարտավորվում է ուսումնասիրել ներկայացված գաղափարները, կապ հաստատել հետաքրքրություն հայտնած անհատ ինժեներների, համալսարանական լաբորատորիաների, ինժեներական և արտադրական գործունեություն իրականացնող ընկերությունների հետ՝ քննարկելու իրենց առաջարկները, արտադրական գաղափարները և մասնագիտական հնարավորությունները։

Դրամաշնորհի շրջանակում նաև պարտավորվում են կազմակերպել ԹԱՇ սարքերի նախագծման, մակետային նախատիպի մշակման, մակետի լաբորատոր փորձարկումների իրականացման, համակարգի նախագծի շտկման, 5 օրինակ ինժեներական նմուշի մշակման, կոնստրուկտորական փաստաթղթերի ձևավորման աշխատանքները՝ ապահովելով արտադրական ամբողջական ցիկլին հասնելու գործընթացը: